пятница, 18 декабря 2020 г.

Ապրածի չարժեքը․․․

 "Ճշմարտությունները, որոնք չեն բարձրաձայնվում, սկսում էն թույն արտադրել" - ասել է Նիցշեն։ Դժվար իրավիճակում հայտնված, ցանկացած պետական գործչի պրոբլեմն հենց այն է, որ չկա գեթ մեկ հնարավորություն բարձրաձայնել ամբողջ ճշմարտությունը, որովհետև աշխարհը շուռ կգա։ Չնայած՝ մեկ հնարավորություն թերևս կա։

Կարելի է բարձրաձայնել ամբողջ ճշմարտությունը և, դուռը ետ՜ից շրխկացնելով, հրաժարական տալ։ Բայց դա չի կարող անել մի մարդ, որը պաշտում է իր Հայրենիքը, սիրում է իր Ժողովրդին և արժեվորում է Պետականությունը․․․ Ի՞նչու․ Որովհետև, դրա արդյունքում, հարվածի տակ են հայտնվում Հայրենիքը, Ժողովուրդը և Պետականությունը։ Արդյունքում՝ լեռան չափ մեղքերի մի սապատ մեջքին, նրանք իրենց խաչն են ձգում դեպի սեփական Գողգոթան, բայց ոչ նրա համար, որ հետո հարություն առնեն և պաշտվեն։ Ո՛չ․․․ Պատմության գրքերում նրանք մնացել են նզովյալ։ Բորբոսով ծածկված մեր հին մատյաններում, թույնավոր թանաքով, անիծված են անմնացորդ նվիրյալները և պաշտված են ստոր դավաճանները։ Սա է իրականությունը, որի հետ մենք չենք ցանկանում առնչվել ու որից փախչում ենք, կարծես կարող ենք ինքներս մեզանից փախչել։

"Պատմություն" բառը արտասանելիս, մեզ թվում է թե անցյալի մասին է, մինչ դեռ պատմությունը միշտ կերտվել և կերտվում է այսօր։ Այժմ մենք ենք պատմություն կերտողը։ Եւ սա պաթոս չէ։ Երկրի ամեն հաջողության ու անհաջողության, ամեն հաղթանակի և պարտության, ամեն առաջընթացի ու նահանջի ետևում, ոչ միայն հայտնի հերոսներն և դավաճաններն են, այլև հազարավոր անանուն մարդիկ: Հենց իրենց հավաքական ուժն էր, որ իրականում որոշել է երկրի ապագան։ Եւ եթե երկրում տիրում է տգիտությունը, շահամոլությունը, եսասիրությունը, օտարամոլությունը, սեփական ուժին չհավատալը, ապա երկիրը գահավիժում է, իսկ ազգը շարժվում է դեպի իր վախճանը։
Մարդիկ ոչ մի վատ բան չեն արել՝ փորձել են հարմարվել, հանձնվել են իրենք, հանձնել են իրենց օրվա առաջնորդին և պատերազմի կեսին էլ չհասած՝ արծաթե սկութեղի վրա հաղթանակի իրենց բաժինը սիրահոժար մատուցել են թշնամուն, որին, երբեմն, քծնող կեղծավորությամբ, իրենց փրկիչ են անվանել։ Եւ այդպես ապրել են՝ ձևացնելով թե չեն նկատում "փրկիչների" անարգանքն ու քամահրանքն, իրենք իրենց համոզելով թե Պուշկինը լռիվ այլ բան նկատի ուներ․․․
Եւ ուրեմն մենք էլ այսօր պետք է որոշենք՝ անձնապաշտորեն hարմարվում ենք այսօրվա մեզ հարկադրվող տենդեցների՞ն, պատճառ ու մեղավո՞ր ենք ման գալիս, որ թոթափենք մեզանից մեր բաժին պատասխանատվությունը, թե՞ ներդաշնակ ենք մնում մեր խղճի հետ չնայած այն բանի, որ շուրջ բոլորը կարող են դուրս գալ մեր դեմ։
Մենք պետք է որոշենք՝ տեր չկանգնելով մեր սահմանադրական իրավունքներին (և ուրեմն պետության ու պետականությանը) այսօր ու գերադասելով վտանգի տակ չդնել մեր փոքրիկ ու մեծ, անձնական շահերը, կարո՞ղ ենք այլևս համարել մեզ այն ինչ ներկայացել ենք, խոսել բարոյականության մասին և հանգիստ նայելով մեր երեխաների աչքերին պնդել թե երբեք հոգի ու մարմին չենք վաճառել։ Կարո՞ղ է մտավորականը գնալ սեփական խղճին դեմ, խոսել ճշմարտությանը հակառակ բաներ կամ լռել, և դրանից հետո պատկերացնել թե մնացել է մտավորական։ Կարո՞ղ է զինվորը փախչել մարտի դաշտից ու շարունակել համարել իրեն զինվորական։ Կարո՞ղ է մշակը հողը չմշակել ու առատ բերք սպասել․․․ Կարող է։ Իհարկե կարող է։ Խաբեությամբ՝ կարող է։ Բայց ոչ իր շրջապատը (մանավանդ այն շրջապատը, որ ինքն էլ այդպիսին է), ոչ պատմությունը, ոչ բնությունը երբեք չեն խաբնվի։ Նա կտեսնի դա մարդկանց աչքերում, նա կտեսնի իրեն պատմության դառը տողերի տակ, նա կտեսնի դա իր չորացած այգիում։
Վերջապես ինքդ քեզ երբեք չես խաբի և ուրեմն ինքդ քեզ չես հարգի, և, ուրեմն, օրերից մի օր, մահկանացուդ կնքելիս պարզ կհասկանաս ապրածիդ ՉԱՐժեքը։

Комментариев нет:

Отправить комментарий