Սոցիալապես անապահով մարդու հարցը հրատապ լուծման կարիք ունի։ Հասկանալի է, որ քաղաքը չպետք է բաց երկնքի տակ շուկայի վերածվի, բայց պետք է առաջին հերթին հասկանալ, որ բազում մարդիք այդպիսով ընդամենը օրվա հացի խնդիր են լուծում։
Այդ տեսակետից քաղաքապետարանի որոշումը՝ արգելել փողոցային առեվտուրը, իմ կարծիքով, ժամանակավրեպ էր։ Մինչ այդ անհրաժեշտ էր մի շարք գործողություններ իրականացնել։
Ա) Պետք է հասկանալ, որ քաղաքը շուկա է դառնում ոչ թե առանձին, ճարը կորցրած, տատիկ ու պապիկների պատճառով, որ փորձում են փողոցում մի խուրձ կանաչի կամ մի դույլ հավկիթ վաճառել, այլ այն պատճառով, որ նույն քայլի են դիմում տասնյակ հազարավոր մանր և անգամ միջին գործարարներ (խանութպանը վարձելով մեկին, փողոց է հանում իր ապրանքների մի մասը)։ Արդյունքում փողոցը լցվում է սուպերմարկետի պես։ Վերջիններիս սոցիալապես անապահով դժվար է կոչել։
Ուստի խնդիրը Քաղաքապետարանի և Սոց․նախարարության համագործակցության բացակայությունն է, ինչպես նաև խնդրի ոչ բավարար ուսումնասիրությունը։
Սոց.նախարարությունը, որ առայժմ բյուջեյի սղության պատճառով անկարող է բարցրացնել թոշակներն և նպաստները, պետք է փողոցում առևտուր անելու սերտիֆիկատ-իրավունք հատկացնի այն մարդկանց, որոնք իրականում ծանր կացության մեջ են հայտնվել։ Իհարկե դիմումի առկայությամբ։ Այսպիսով, գոնե ժամանակավորապես խնդիրը լուծում կստանա։ Իրականությամբ սոցիալապես ծանր վիճակում հայտնված մարդիք կկարողանան միքիչ դրամ վաստակել։
Բ) Այժմ, նկատելով փողոցում առևտուր անող տատիկին, խանութպանը անմիջապես ահազանգում է ոստիկանություն։ Ոստիկանությունից գալիս և բերման են ենթարկում տատիկին։ Բայց նույն խանութպանը ամեն կերպ ձգտում է չտրամադրել ՀԴՄ կտրոն։
Ստացվում է, որ խանութպանը գողություն է անում հենց նույն տատիկի գրպանից, որովհետև այդ չմուծված հարկերից է, որ պետք է լցվեր նաև Սոց․նախարարության բյուջեն, ինչի արդյունքում տատիկը կստանար այնքան թոշակ և նպաստ, որ բավարար կլիներ և նա ստիպված չէր լինի փողոցում առևտուր անել։
Եթե Երևանում ՀԴՄ կտրոններ դեռ տրամադրում են, ապա Հայաստանի այլ քաղաքներում այս մշակույթը բոլորովին բացակայում է։ Օրինակ՝ Վանաձորում իմ անցկացրած չորս ամսվա ընթացքում հատուկենտ անգամ ստացա ՀԴՄ կտրոն, ոնց խանութներում այնպես էլ սրճարաններում։ Այս իրավիճակը համատարած է։
Այս պարագայում համարում եմ, որ ՊԵԿ-ի ղեկավարը ոչ թե մեծ չափսի պարգևավճար պետք է ստանար, այլ հակառակը՝ խիստ տուգանվեր և ստիպված լիներ այդ տուգանքը պետական բյուջե մուծել կամ ընդհանրապես հեռացվեր։
Մյուս կողմից սա նաև քաղաքացիական խնդիր է։ Մենք դժգոհում ենք փողոցային առևտրից, բայց միևնույն ժամանակ խանութներում և սրճարաններում ՀԴՄ կտրոն չենք պահանջում։ Հետևապես մենք գողության հանցակից ենք և գողանում ենք այն խեղճ ու կրակ տատիկ-պապիկներից։ Եւ դրանից մեծ գառշահոտ է առաջանում։
Դա մեր, պահանջկոտներիս, բայց անհետևողականներիս գառշահոտն է։ Ամոթ է։ Ուրեմն հասկանում ենք, որ ՀԴՄ կտրոն չստանալով, մենք թալանում ենք մարդկանց։
Պահանջեք և մի ամաչեք։
Комментарии
Отправить комментарий